Արթիկի գեղարվեստի դպրոցում բացված նկարչական ցուցահանդեսում ներկայացված են գեղարվեստի դպրոցի, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի սաների աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանից ժամանած այլ հյուրեր: Ելույթ ունեցավ Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը՝ հիացնելով հյուրերին: Պատանի կոմպոզիտորները ներկայացրին իրենց ստեղծագործությունները: Արթիկի գեղարվեստի դպրոցում ներկայումս դասավանդում է 4 մանկավարժ, սովորում են 94 աշակերտ՝ գծանկարի, գունանկարի, կոմպոզիցիայի, գորգագործության, կարպետագործության, խեցեգործության, բրուտագործության բաժիններում: «Նկարչությունը սիրում է անհատներին, մեծ մասը, եթե չի դառնում նկարիչ, ապա լավ մարդ է դառնում»,- համոզված է Արթիկի գեղարվեստի դպրոցի տնօրեն ԱՐԱ ՄԵՐԳԵԼՅԱՆԸ: «Իրատես de facto»-ի հետ զրույցում նա ասաց, որ մշակութային կյանքը Արթիկում շատ աշխույժ է, ոչ միայն իրենց դպրոցում, այլև երաժշտական դպրոցում, մշակույթի տանը: «Մեր հասարակությունը, մեր երեխաները ակիտվորեն մասնակցում են բոլոր միջոցառումներին»,- ընդգծեց նա: Նկատեցի, որ դպրոցի սենյակները ջեռուցվում են փայտե վառարաններով, էլեկտրական սալիկներով: Սակայն տնօրենն ասաց, որ չի ուզում խոսել խնդիրներից, ուղղակի սրտանց ուզում են ներկայացնել այն, ինչ ունեն. «Առաջին հարկում ներկայացված են մեր դպրոցի շրջանավարտների աշխատանքները: Նրանցից շատերը սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մշակութային կյանքը զարգանում է, ազնիվ աշխատանքի դեպքում, ամեն ինչ լավ կլինի»: «Մայրաքաղաքի բուհերում սովորող երեխաները վերադառնո՞ւմ են: Թե՞, ինչպես հաճախ է պատահում, շարունակում են ապրել ու աշխատել Երևանում»,- հետաքրքրվեցի: «ՈՒր էլ գնան, մայրաքաղաքում մնան, թե երկրից դուրս գան, նրանք մերն են: Որովհետև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր սաների ազգային, հայրենասիրական դաստիարակությանը»,- եղավ պատասխանը: Առաջիկայում գեղարվեստի դպրոցի սաները պատրաստվում են մասնակցելու Հնդկաստանում, Չինաստանում, Երևանում կայանալիք տարաբնույթ մրցույթ-ցուցահանդեսների: Մշակութային այցի շրջանակում գեղարվեստի դպրոցին տրամադրվեց նկարչական պարագաներ, 10 մոլբերտ, մանկական երաժշտական դպրոցին՝ երաժշտական գրականություն: ՈՒսուցիչներ Նարինե Մխիթարյանը և Սամվել Քարտաշյանը պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ